WTO.AM

ԱՀԿ-ի կառուցվածք

ԱՀԿ-ն կառավարվում է իր անդամ երկրների կառավարությունների կողմից: Առանցքային որոշումները կայացնում են անդամ երկրների նախարարները կամ նրանց դեսպանորդները կամ պատվիրակները: Որոշումները սովորաբար ընդունվում են կոնսենսուսի` ընդհանուր համաձայնության միջոցով, որոնք հանդիսանում են ԱՀԿ անդամ երկրների միջև կայացած բանակցությունների արդյունքները: Անդամներն ինքնուրույն են կիրառում այդ կանոններն իրենց կողմից բանակցված, համաձայնեցված ընթացակարգերի ներքո` ներառյալ առևտրային պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: ԱՀԿ կանոնների համաձայն` բոլոր անդամ երկրները կարող են ներկայություն ունենալ բոլոր խորհուրդներում, հանձնաժողովներում և այլն՝ բացառությամբ Բողոքարկման և Վեճերի կարգավորման մարմինների և բազմակողմ կամավոր համաձայնագրերի հարցերով հանձնաժողովների:

Բարձրագույն մարմինը Նախարարական համաժողովն է, որը պետք է գումարվի առնվազն երկու տարին մեկ անգամ: Նախարարական համաժողովը կարող է որոշումներ ընդունել բոլոր հարցերի ու խնդիրների վերաբերյալ` բազմակողմ առևտրային համաձայնագրերից ցանկացածի ներքո:

Նախարարական համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում առօրյա աշխատանքներն իրականացնում է Գլխավոր խորհուրդը` իր երեք մարմիններով հանդերձ. 1. Գլխավոր խորհուրդ, 2. Վեճերը կարգավորող մարմին և 3. Առևտրային քաղաքականությունները վերաքննող մարմին: Գլխավոր խորհուրդը ԱՀԿ աստիճանակարգում երկրորդ մակարդակի մարմինն է: Գլխավոր խորհուրդը Կազմակերպության բոլոր հարցերն ու խնդիրները լուծելիս գործում է Նախարարական համաժողովի անունից: Այն գումարվում է որպես Վեճերը կարգավորող մարմին և Առևտրային քաղաքականությունները վերաքննող մարմին` վերահսկելու անդամ երկրների միջև վեճերի կարգավորման ընթացակարգերը և վերլուծելու անդամների առևտրային քաղաքականությունները:

Երրորդ մակարդակի կամ Գլխավոր խորհրդին զեկուցող մարմիններն են`

  1. Ապրանքների առևտրի խորհուրդը (Ապրանքների հարցերով խորհուրդ),
  2. Ծառայությունների առևտրի խորհուրդը (Ծառայությունների հարցերով խորհուրդ) և Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հայեցակետերի խորհուրդ (ՄՍԻԱՀ խորհուրդ), որոնք պատասխանատու են ԱՀԿ համաձայնագրերը առևտրի՝ իրենց համապատասխան ոլորտներում կիրարկելու համար: Վերջիններս բաղկացած են ԱՀԿ բոլոր անդամ պետություններից:

Վերոնշյալ երեք խորհուրդներն ունեն նաև իրենց հանձնաժողովները, որոնք գտնվում են ԱՀԿ աստիճանակարգի չորրորդ մակարդակում:

Ապրանքների հարցերով խորհուրդն ունի 11 հանձնաժողովներ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության, շուկայի մատչելիության, լրավճարների, հակագնագցման միջոցների և այլնի հարցերով: Հանձնաժողովները նույնպես բաղկացած են բոլոր անդամ երկրներից:

Ծառայությունների հարցերով խորհրդի օժանդակ մարմինները զբաղվում են ֆինանսական ծառայությունների, ներքին կանոնակարգերի հարցերով, ԾԱԳՀ կանոններով և հատուկ պարտավորություններով:

Վեճերը կարգավորող մարմինն ունի երկու օժանդակ կառույց` Վեճերը կարգավորող «փորձագետների խումբը», որը կոչված է լուծել չլուծված վեճերը, և Բողոքարկման մարմինը, որը զբաղվում է բողոքարկումներով:

ԱՀԿ համակարգի ներքո գործող մյուս հանձնաժողովներն են` Առևտրի և շրջակա միջավայրի հարցերով, Առևտրի և զարգացման հարցերով (Թույլ զարգացած երկրների հարցերով ենթահանձնաժողով), Տարածաշրջանային առևտրային համաձայնագրերի հարցերով, Վճարային հաշվեկշռի սահմանափակումների հարցերով, Բյուջեի, ֆինանսների և Կառավարման հարցերով հանձնաժողովները, ինչպես նաև Անդամակցության, Առևտրի, պարտքի ու ֆինանսների և Առևտրի ու տեխնոլոգիաների փոխանցման հարցերով աշխատանքային խմբերը:

ԱՀԿ կառուցվածքի պատկեր

 

Վերջին վիդեո